Գաբրիելլան իր ընտանիքի 4-րդ զավակն է և, մինչև հիվանդության ի հայտ գալը, վայելում էր իր ծնողների, եղբայրների, քրոջ և հարազատների անսահման սերը և իր անհոգ մանկությունը։ Ցավոք, մի օր խախտվեց այս երջանիկ ընտանիքի կյանքի բնականոն հունը, երբ Գաբիի մոտ ախտորոշվեց բարձր ռիսկի նեյրոբլաստոմա, որի արդյունքում ախտահարվել էին երեխայի ոսկրածուծը և ոսկորները: Հիվանդության հայտնաբերումից անմիջապես հետո Գաբին սկսեց ստանալ անհրաժեշտ բուժում՝ քիմիաթերապիայի կուրսեր, որի արդյունքում սակայն գրանցվեց աննշան դրական դինամիկա:
Հայստանում բուժման ընթացքում Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներն արեցին հնարավոր ամեն բան երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար, սակայն երեխայի կյանքը փրկելու համար հարկավոր էր անհապաղ իրականացնել վիրահատություն և նորագույն դեղորայքով բուժում, որը Հայաստանում հասանելի չէր։ Մեր հիմնադրամի կողմից կազմակերպվեց հանրային դրամահավաք, որի արդյունքում հավաքվեց վիրահատության համար անհրաժեշտ գումարը և Գաբին մեկնեց Իսպանիա՝ իր առողջության հետևից։ Հուրախություն բոլորիս վիրահատությունը բարեհաջող ընթացք ունեցավ։ Սակայն վիրահատությունից հետո Գաբիին անհրաժեշտ էր անցնել շատ թանկարժեք բուժում, որի համար նոր դրամահավաք կազմակերպվեց և մեր նվիրված աջակիցների շնորհիվ շատ արագ հավաքվեց նաև բուժման առաջին փուլի համար անհրաժեշտ գումարը՝ 138,002,535 դրամ, որը հայ իրականության մեջ բժշկական հարցերով ամենամեծ և ամենարագ դրամահավաքն էր։
Այժմ Գաբրիելլան ստանում է բուժում Բարսելոնայի լավագույն կլինիկաներից մեկում, սակայն բոլոր դժվարությունները դեռ հաղթահարված չեն, և Գաբին դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ լիարժեք ապաքինվելու համար։
Մայրիկը պատմում է, որ Գաբին շատ կապված է իր եղբայրների և քրոջ հետ. «Գաբին հատկապես շատ է կարոտում իր ավագ եղբորը, որը ներկայումս ծառայում է բանակում։ Միշտ իր մոտ է պահում նրա նկարը, հաճախ համբուրում, հետը զրուցում», – ասում է մայրիկը։ Նա ցանկանում է դառնալ ճարտարապետ՝ իր քույրիկի նման։ Նաև երազում է ապրել անիվներով տանը՝ ձորի մոտ։ Հաճախ է ինքն իրեն բարձրաձայն զրուցում Աստծո հետ՝ հարցնելով, թե նա ինչ է կարծում, կբուժվի ինքը, թե ոչ։ Նա նաև երազում է ունենալ կախարդական փայտիկ, որով հրաշքներ կիրագործի։ Լիահույս ենք, որ մեր բոլորի աջակցությամբ հրաշքը տեղի կունենա և Գաբին լիարժեք ապաքինված կվերադառնա Հայաստան։
Հետևեք թարմացումներին