Հիմնադրամն ընդլայնում է իր գործունեության շրջանակը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները վերահաստատել են այն հիվանդությունների ցանկը, որոնց բուժման և կառավարման ուղղությամբ հիմնադրամը շուրջ երկու տարի տրամադրել է և շարունակելու է տրամադրել աջակցություն.

  1. Չարորակ նորագոյացությունների և լեյկոզների բուժում արտասահմանյան լավագույն կլինիկաներում, եթե տվյալ բուժումը Հայաստանում անհասանելի է
  2. Բրոնխիալ ասթմայի կառավարման համար անհրաժեշտ դեղորայքի տրամադրում և հետազոտությունների ֆինանսավորում
  3. Իմունային համակարգի խանգարումներ ունեցող երեխաների բուժման համար դեղորայքի տրամադրում և հետազոտությունների ֆինանսավորում
  4. Թոքային ծանր հիվանդությունների բուժման համար դեղորայքի տրամադրում և հետազոտությունների ֆինանսավորում
  5. Լյարդային և խրոնիկ երիկամային անբավարարություններ ունեցող երեխաների լյարդի և երիկամի փոխպատվաստումների ֆինանսավորում

Համապատասխան վերլուծության արդյունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է աջակցության շրջանակի մեջ ներառել նաև ներքոնշյալ հիվանդությունները, որոնց ուղղությամբ հիմնադրամը մինչ այսօր ցուցաբերել է միայն որոշակի դրվագային աջակցություն.

  1. Նյարդաբանական ծանր խնդիրներ՝ էնցեֆալիտներ (աուտոիմուն)
  2. Վիսցերալ լեշմանյոզ
  3. Ապլաստիկ սակավարյունություն
  4. Իմուն թրոմբոցիտոպենիա (ITP)

Բոլոր ուղղություններով հիմնադրամի կողմից աջակցություն ստացող շահառուների թիվը կկազմի տարեկան շուրջ 1800 երեխա։

Նիստի ընթացքում որոշվեց նաև, որ հիմնադրամը շարունակելու է վերոնշյալ ռազմավարական ուղղությունները ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու իր ջանքերը և պետության հետ ակտիվ համագործակցությունը, որպեսզի վերջինս իր վրա վերցնի ծանր հիվանդությունների հետ բախված երեխաների բժշկական ծախսերը։ Ինչպես նաև հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնելու և բավարար ջանքեր գործադրելու հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրագործմանը։

ԿԻՍՎԵԼ: