Հիմնադրամը տրամադրում է անհատական աջակցություն և իրականացնում տարբեր համակարգային նախագծեր հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված աջակցության շրջանակում, որը ներառում է հետևյալ հիվանդությունները.
ա/ մանկական քաղցկեղ կամ արյան խնդիրներ (բոլոր այն դեպքերում, երբ երեխայի բուժումը պետք է իրականացնել արտերկրում) բ/ երիկամի կամ լյարդի փոխպատվաստման կարիք գ/ քրոնիկ շնչառական խնդիրներ դ/ իմունային համակարգի խանգարումներ ե/ նյարդաբանական ծանր խնդիրներ՝ էնցեֆալիտներ (աուտոիմուն) զ/ վիսցերալ լեշմանյոզ է/ ապլաստիկ սակավարյունություն ը/ իմուն թրոմբոցիտոպենիա (ITP) թ/ կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններ
Հիմնադրամը տրամադրում է անհատական աջակցություն և իրականացնում համակարգային նախագծեր
Դեղորայքով ապահովում
Հիմնադրամն իր շահառուներին տրամադրում է անհրաժեշտ դեղորայք։ Վերջինիս մեծ մասը թանկարժեք է կամ անհասանելի (չգրանցված)՝ Հայաստանի տարածքում։ Նշված աջակցությունը հիմնադրամն իրականացնում է և՛ անհատական, և՛ ծրագրային մակարդակով՝ իր գործընկեր հիվանդանոցներին տրամադրելով անհրաժեշտ դեղորայքի տարեկան պաշար։
Հայաստանում իրականացվող բժշկական հետազոտությունների և վիրահատությունների ֆինանսավորում
Հիմնադրամը ֆինանսավորում է գործընկեր մանկական կլինիկաներում տարբեր հետազոտությունների և բարդ վիրահատությունների իրականացումը։ Որոշ վիրահատությունների դեպքում արտասահմանից հրավիրվում են ոլորտի առաջատար մասնագետներ:
Արտասահմանում իրականացվող բուժման ֆինանսավորում
Հիմնադրամը ֆինանսավորում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժումն արտասահմանյան լավագույն կլինիկաներում: Այս աջակցությունը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ տվյալ բուժումը Հայաստանում անհասանելի է։
Մանկական հիվանդանոցների վերազինում
Հիմնադրամն աջակցում է գործընկեր հիվանդանոցների վերազինմանը անհրաժեշտ ու արդիական սարքավորումներով՝ ապահովելով երեխաների պատշաճ հետազոտությունը և բուժումը:
Բուժաշխատողների վերապատրաստման ֆինանսավորում
Հիմնադրամը ֆինանսավորում է բժիշկների վերապատրաստումն աշխարհի լավագույն բժշկական կենտրոններում և համալսարաններում, ինչպես նաև նրանց մասնակցությունը միջազգային կոնֆերասներում՝ նպաստելով բժշկության մեջ նորարար մեթոդների ներդրմանը Հայաստանում:
Կանխարգելիչ և սքրինինգային ծրագրերի իրականացում
Հիմնադրամն աջակցում է կանխարգելիչ և սքրինինգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ երեխաների շրջանում ծանր առողջական խնդիրների վաղ հայնտաբերման ու տարածման նվազեցման նպատակով։
Հետազոտական ծրագրերի իրականացում
Հիմնադրամն իրականացնում է հետազոտական աշխատանքներ, մշակում օրենսդրական նախագծեր, որպեսզի պետական մարմինների և գործընկեր հիվանդանոցների հետ համագործակցությամբ հնարավոր լինի բարեփոխել առողջապահական համակարգը, ավելի արդյունավետ դարձնել պետական ծախսերը և ոլորտում կայուն զարգացում ապահովել։