2023 թվականի հունիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի նախաձեռնությամբ և մեր հիմնադրամի աջակցությամբ բացվեց «Կարինա» քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան։ Ծրագրի մեկ տարվա արժեքը կազմում է շուրջ 32,596,480 դրամ։ Սա աննախադեպ ծրագիր է, որը տարածաշրջանում կարևոր կենտրոն դառնալու մեծ պոտենցիալ ունի։
Քաղցկեղը ամբողջ աշխարհում հանդիսանում է մահվան առաջատար պատճառներից մեկը։ Հայաստանում, ըստ մահացության մակարդակի, քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը: Քաղցկեղը բազմապատճառային հիվանդություն է, որի առաջացմանը կարող են նպաստել ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ ժառանգական գործոնները:
Քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածությունը կամ քաղցկեղի նկատմամբ գենետիկ հակվածությունը իրենից ներկայացնում է մի վիճակ, որի դեպքում որոշակի գեներ ժառանգած մարդու մոտ կյանքի ընթացքում մեկ կամ մի քանի տեսակի քաղցկեղի առաջացման հավանականությունը միջինից ավելի բարձր է։
Քաղցկեղը 10% դեպքերում առաջանում է ժառանգական նախատրամադրվածության հետևանքով, իսկ հիվանդության առաջացման համար պատասխանատու մուտացիայի ենթարկված գենը փոխանցվում է սերնդեսերունդ:
Ներկայումս Հայաստանում չի իրականացվում քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության ախտորոշում և վարում անհրաժեշտ ռեսուրսների՝ սարքավորումների, տեխնոլոգիաների, կրթական ռեսուրսների, ուղեցույցների բացակայության, քաղցկեղի նախատրամադրվածության ազգային տվյալների բազայի բացակայության և այլ պատճառներով։
Կենտրոնը կյանքի է կոչվել բացահայտելու քաղցկեղի հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաներին և նրանց համար ապահովել ընդլայնված և շարունակաբար կատարելագործվող բուժծառայություն, որն էլ կօգնի հնարավորինս կանխարգելել հիվանդությունը կամ վաղ հայտնաբերել և արդյունավետ կերպով բուժել այն։
Կենտրոնի բժիշկները համագործակցում են աշխարհի մի շարք առաջատար կենտրոնների և մասնագետների հետ՝ ներդնելով նրանց փորձը իրենց աշխատանքում։ Կենտրոնի կարևոր նպատակներից է նաև ժառանգական քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացումը բժշկական համայնքի և ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև քացկեղի ժառանգական նախադրամադրվածությամբ հիվանդների ազգային տվյալների ռեգիստրի ստեղծումը, որի հիման վրա կկատարվեն գիտական կարևոր հետազոտություններ։