Իմունային, նյարդային և արյան մի շարք ծանր հիվանդությունների (առաջնային իմոնոդեֆիցիտ, էնցեֆալիտ, իմուն թրոմբոցիտոպենիա) բուժման համար երեխաներին անհրաժեշտ է ստանալ Օկտագամ կոչվող դեղորայքը, որը թեպետ Հայաստանում գրանցված է, սակայն բավականին թանկարժեք է, ինչը այն դարձնում է անհասանելի շատ ընտանիքների համար՝ հատկապես հաշվի առնելով, որ դեղորայքային բուժումը կարող է տևել ամիսներ, իսկ երբեմն տարիներ։ Այս դեղորայքը պատրաստված է առողջ մարդու արյունից, որն ունի որոշակի պաշտպանիչ նյութերի (հակամարմիններ) բարձր մակարդակ: Վերջիններս օգնում են մարմնին պայքարել բազմաթիվ վարակների դեմ: Օկտագամով թերապիան կենսական նշանակություն ունի և հսկայական դեր է խաղում վերոնշյալ հիվանդությունները ունեցող շատ երեխաների կյանքում:
–Առաջնային իմունոդեֆիցիտ հիվանդության պատճառը գենետիկ մուտացիան է, որը խաթարում է իմուն համակարգի նորմալ գործունեությունը։
–Էնցեֆալիտները(այդ թվում աուտոիմուն) իմուն միջնորդավորված, նյարդաբորբոքային հիվանդությունների բազմաքանակ խումբ է, որի ժամանակ հակամարմիններ են արտադրվում գլխուղեղի տարբեր հատվածներում։ Առավելապես հանդիպում է երեխաների և երիտասարդների մոտ։
–Իմուն թրոմբոցիտոպենիան աուտոիմուն հիվանդություն է: Հիվանդի մոտ սինթեզվում են հակամարմիններ թրոմբոցիտների սպեցիֆիկ գլիկոպրոտեինների հանդեպ:
Իրականացված ծրագրի արժեքը կազմել է շուրջ 38.000.000 դրամ:
Շահառուների թիվը՝ 20 երեխա:
Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: