Անահիտի մոտ հիվանդությունը բացահայտվել է պատահական, ինչպես հաճախ է լինում։ Մի որոշ ժամանակ Անահիտը իրեն թույլ է զգացել, ծնողները որոշել են դիմել բժշկի՝ հասկանալու պատճառը և լսել են ծանր ախտորոշումը։
Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում քիմիոթերապիայի երկու կուրս ստանալուց հետո Անահիտի մոտ նկատվել է դրական դինամիկա։ Սակայն դա երեխայի առողջական վիճակի ժամանակավոր բարելավում էր, և լիարժեք ապաքինման համար շտապ անհրաժեշտ էր կատարել ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որը Հայաստանում տվյալ պահին չէր իրականացվում։ Վիրահատությունը պետք է կատարվեր Սանկտ-Պետերբուրգում, որի համար անհրաժեշտ էր շուրջ 39,000,000 դրամ գումար: Հիմնադրամի ջանքերով կազմակերպվեց հանրային դրամահավաք, որի արդյունքում շատ արագ հավաքվեց վիրահատության համար անհրաժեշտ գումարը։ 2023 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում բարեհաջող իրականացվեց Անահիտի ոսկրածուծի փոխպատվաստումը:
«Անահիտը իր բնույթով շատ ուժեղ մարդ է և նույնիսկ հիվանդության դժվարին փուլերում շատ մարտական է տրամադրված եղել, բժիշկներից մանրամասն հետաքրքրվում էր իր հիվանդության մասին և ասում, որ հիվանդությունը չի կարող հաղթել իրեն։ Իր դրական լիցքերով և տրամադրվածությամբ նա մեզ ուժ էր տալիս և չէր թողնում ոչ մի պահ վհատվենք», – պատմում է Աստղիկը՝ Անահիտի մայրիկը։
Անահիտը վիրահատությունից հետո անցնելով դժվարին հետվիրատական փուլ և հաղթահարելով մի շարք բարդություններ՝ վերադարձել է Հայաստան և ներկայումս գտնվում է հայ և ռուս բժիշկների հսկողության ներքո։ Չնայած նրան, որ Անահիտը իրեն լավ է զգում, դեռևս մի քանի տարի է պետք, որպեսզի հիվանդությունը համարվի լիարժեք հաղթահարված։
Անահիտը շատ լուսավոր, ընկերասեր և խելացի աղջիկ է։ Նա սիրում է մաթեմատիկա առարկան և ցանականում է դառնալ ֆինանսիստ: Երազում է կիթառ նվագել սովորել, ինչպես նաև՝ ցականում է մի օր տիրապետել ճապոներեն լեզվին, քանի որ շատ է սիրում ճապոնական մշակույթը: Նա շատ է սիրում կարդալ՝ հատկապես պատմական և ֆանտաստիկ ժանրի գրքեր և բոլորի հետ կիսվել իր կարդացածով։
Մեր աջակիցների անգնահատելի աջակցության շնորհիվ մեզ հաջողվեց Անահիտին հիվանդությունը հաղթահարելու հնարավորություն տալ, որպեսզի նա կարողանա իրականացնել իր երազանքներն ու նպատակները։